Ամուսնությունից
հետո կողքից թվում է, թե նորաստեղծ ընտանիքում ամեն ինչ նորմալ է.
ամուսինը սիրում ու գնահատում է կնոջը, հոգ տանում ընտանիքի մասին, կինն էլ
կատարում է իր պարտականությունները։ Բայց կնոջից բացի ուրիշ ոչ ոք չի
իմանում, թե ինչ է կատարվում նրա հոգու խորքում, քանի որ ինտիմ կյանքում
ինչ-որ բան այն չէ։ Սկզբում երիտասարդ կինը մտածում է, որ ամեն ինչ իր տեղը
կընկնի, սակայն աստիճանաբար այդ հույսը նույնպես մարում է։ Նա հասկանում
է, որ ինչ-որ բան է պետք անել իրավիճակը շտկելու համար։ Բայց ի՞նչ և
ինչպե՞ս։ Կանանց մի մասն ամուսնուց թաքցնում են իրենց ապրումները և
ձևացնում, թե ամեն ինչ կարգին է, մյուսներն էլ սկսում են հաճախակի
հրաժարվել ամուսնական պարտականությունները կատարելուց։Ի՞նչն
է խանգարում կանանց վայելել ինտիմ կյանքի հաճույքը։ Չէ" որ իր
կենսաբանական կառուցվածքով մարդը նույնպես կենդանի արարած է, իսկ
կենդանիներն այդ հարցում նման խնդիրներ չեն ունենում։ Այս հարցի պատասխանը
թաքնված է դարերի խորքում։ Այն մշակույթը, որի մեջ մարդն ապրում է
հազարավոր, իսկ գուցեև տասնյակ հազարավոր տարիներ, իր խոր կնիքն է թողել
նրա մարմնի բոլոր բջիջներում։ Այդ հետքն առկա է մեր ենթագիտակցության
ամենամութ անկյուններում։ Մենք կենդանիներից միայն խոսելու ունակությամբ
չէ, որ տարբերվում ենք։ Իսկ ողջ կյանքի ընթացքում էլ ոչ միայն մարդու
մարմինն է ամեն վայրկյան հարյուրավոր փոփոխությունների ենթարկվում, այլև
հոգեբանությունը։ Բայց եթե մենք մարմնի մասին ինչ-որ չափով տեղեկացված ենք,
ապա հոգեբանության ոլորտը շատ քիչ է ուսումնասիրված։ Հայտնի
է մի բան, որ բեղմնավորման պահից մինչև ծնվելը մարդու սաղմն անցնում է
երկրի վրա կյանքի զարգացման բոլոր փուլերով։ Ծնվելուց հետո սկսվում է
մարդու հոգեբանության ձևավորումը, և երեխան այդ հարթությունում նույնպես
անցնում է հասարակության պատմական զարգացման բոլոր փուլերով։ Երեխային
մանկուց սովորեցնում են, թե ինչն է լավ և ինչը վատ։ Մոտավորապես 3
տարեկանից աղջիկներին սովորեցնում են, թե նրանք ինչպիսին պետք է լինեն։
Սովորեցնում են հեքիաթներով, երգերով, խոսք ու խրատով։ Աղջկա
ենթագիտակցության մեջ դրոշմվում է այնպիսի հատկանիշների անհրաժեշտությունը,
ինչպիսիք են համեստությունը, համբերատարությունը, աշխատասիրությունը,
բարությունը։ Գրեթե բոլոր հեքիաթներն ավարտվում են հարսանիքով։ Բայց ոչ մի
հեքիաթում չի պատմվում այն մասին, թե կանանց կյանքն ինչպես է ընթանում
հարսանիքից հետո։ Դե, հեքիաթը լսող մանկահասակ աղջիկների գլխում նման հարց
չի էլ կարող ծագել։ Նման հարցերը սկսում են հետաքրքրել այն ժամանակ, երբ
դեռահասության շրջանում աղջկա մարմինն աստիճանաբար, բայց նաև արագորեն
սկսում է վերափոխվել։ Հարցն այստեղ միայն հորմոնային փոփոխությունները չեն։
Այդ ընթացքում, երբ սկսում են նկատելի դառնալ սեռական հակումները, շատ
ավելի դժվար է ներքին ապրումների հաղթահարումը։ Ինչպե՞ս վարվել արթնացող
զգացմունքների հետ, որոնք գրգռում են երևակայությունը։ Այստեղ
ավանդույթներով առաջնորդվող մշակույթը համառորեն լռում է։ 12-15
տարեկան աղջիկներին բնորոշ է ռոմանտիզմը։ Դեռատի աղջկա երևակայության մեջ
ուրվագծվում է այն ասպետի կերպարը, որը պատրաստ է ցանկացած զոհողության
հանուն այն միակ արքայադստեր, որի դերում ինքն է հանդես գալու։ Այդ մտքերը
չափազանց նուրբ ու փխրուն են, և դրանցում սեքսն ընդհանրապես տեղ չունի։
Կյանքի այդ ժամանակահատվածը համապատասխանում է ասպետների և գեղեցկուհիների
ժամանակաշրջանին, երբ սեքսի մասին միտքն անգամ կարող էր պղծել աղջկա
լուսավոր կերպարը։ Բայց հեռու չգնանք։ Ընդամենը 30-40 տարի առաջ էլ միայնակ
մայրերին մատով էին ցույց տալիս և անարգանքի սյունին գամում։ Նախկինում
մարդիկ ամուսնանում էին, 10-12 երեխա ունենում, բայց սեքսից խոսելն
արգելված էր, կարծես դա ընդհանրապես գոյություն չուներ: Կար ընդամենը պարտականություն, որը ամուսնանալուց հետո ենթակա էր պարտադիր կատարման ինչպես,ասենք , տնային տնտեսություն վարելը: Հազարավոր
տարիների ընթացքում սեքսի հետ կապված ամոթի զգացումն այնպես է ներթափանցել
կնոջ ենթագիտակցության մեջ, որ այդ դրոշմը գործնականում հնարավոր չէ
ջնջել: Կինը նաև այսօր չի կարողանում լիովին ձերբազատվել այդ շղթաներից և
հակված է այդ հարցում կեղծել ու ձևացնել: Թեպետ
հիմա արդեն բոլորը գիտեն, որ կինը սեքսից կարող է նույնքան բավականություն
ստանալ, որքան տղամարդը, և հասարակական կարծիքն էլ այլևս ամեն ինչում
կնոջը չի մեղադրում, բայց հիմա էլ հենց այդ ազատության հետ կապված են
խնդիրներ ծագել: Հազարամյակներ
շարունակ մենք ապրել և այժմ էլ ապրում ենք <տղամարդկանց աշխարհում>,
որտեղ կինը նախկինում միայն օջախը պահպանողի դերում է եղել: Սակայն այսօր
երկրորդ պլանի այդ դերը կանանց այլևս չի գոհացնում: Նրանք այժմ մրցում են
տղամարդկանց հետ, ապրուստի միջոցներ հայթայթում, հասարակության մեջ բարձր
դիրքի հասնում: Կանայք սովորել են լինել ուժեղ, անկախ, նպատակամետ :
Այստեղից էլ ծագում են հակասությունները, քանի որ կնոջ կյանքում
զգացմունքային մի շերտ կա
ինտիմ ոլորտը, որտեղ նա չի կարող և չի ցանկանում ուժեղ լինել։ Այստեղ նա
պաշտպանության, սիրո, հոգատարության կարիք է զգում։ Այս հակասական
ձգտումները շատ դժվար է համատեղել։ Հասարակական
կարծիքում գրանցվող փոփոխությունները կնոջը ստիպում են նաև սեքսի հարցում
նախաձեռնություն դրսևորել և նույնքան ակտիվ լինել, որքան տղամարդը։
Նույնիսկ բանը հասել է նրան, որ աղջիկները երբեմն անհարմար են զգում իրենց
անփորձությունը խոստովանել վախենալով պարզամիտ ու ծիծաղելի թվալ և պարտվել
փորձված մրցակցուհիների հետ պայքարում։ Կանայք կարծես թակարդում են
հայտնվել, քանի որ չգիտեն, թե ինչպես կարելի է համատեղել ինտիմ կյանքից
տեղեկացված լինելն ու անմեղությունը։ Հաշվի
առնելով, որ կանայք շատ զգայուն էակներ են, նրանք տարբեր իրավիճակներում
ընդգծված զգացմունքայնություն են դրսևորում։ Նրանց լավ ծանոթ են այն
պահերը, երբ զգացմունքները փոթորկվում են ու ելք փնտրում, բայց դա ոչ մի
կապ չունի սեքսուալ ցանկության հետ։ Այնուամենայնիվ, այդ զգացողությունը
հեշտությամբ կարող է մի քանի վայրկյանում վերափոխվել սեքսուալ ցանկության,
եթե տղամարդը ճիշտ մոտեցում դրսևորի։ Իսկ այդպիսի պահերին տղամարդու կողմից
աննրբանկատ վերաբերմունքը կարող է ամեն ինչ փշրել, և վայրկենապես արթնացած
բուռն զգացմունքը նույնքան հեշտությամբ էլ կարող է մարել։ Դա
զգացմունքային շփման այն պահն է, երբ կինը որքան անկեղծ, նույնքան էլ
խոցելի է։ Այդ պահին նա ուզում է տղամարդուն վստահել և մարմնով, և հոգով։
Նա պետք է ոչ թե հասկանա, այլ զգա, որ տղամարդը հաստատ գիտի, թե ինչ է
անում, որ նա պատասխանատու է այն ամենի համար, ինչ կատարվում է և իրեն ոչ
մի դեպքում ցավ չի պատճառի ու չի վնասի ոչ ֆիզիկապես, ոչ էլ բարոյապես։
Կինը պետք է զգա իր զուգընկերոջ թե բուռն ցանկությունն ու կիրքը, թե
քնքշանքն ու սերը։ Այդ երկու հակադիր դրսևորումները վերջապես պետք է նրան
թույլ տան, որ իր գիտակցությունը տեղի տա և ողջ մարմինը վերածվի էրոտիկ
գոտու։ Կինը պետք է զգա, որ տղամարդու ցանկությունն ու կիրքն այնքան զորեղ
են, որ իրեն մնում է միայն ենթարկվել, բայց նաև պետք է լիովին վստահ լինի,
որ նա կստանձնի ողջ պատասխանատվությունը, որ իրենից ոչ մի նախաձեռնություն
չի պահանջի և բարոյական ոչ մի խնդրով իրեն չի ծանրաբեռնի։ Կնոջ
ենթագիտակցության մեջ դրոշմված հազարամյակների ամոթն ու վախը ինտիմ
հարաբերության ժամանակ տեղի են տալիս միայն այն դեպքում, երբ նա բարոյական
առումով լիովին վստահում է տղամարդուն։ Քնքշանքն ու սիրալիրությունը թույլ
են տալիս, որ կնոջ մարմինը ոչ միայն զգա տղամարդու կիրքն ու ցանկությունը,
այլև վերջապես թույլ տա, որ նա իր հետ անի այն, ինչ ցանկանում է։ Այսինքն
տղամարդն այդ պահին պետք է և ուժեղ լինի, և չափազանց նուրբ։ Եթե
համատեղ կյանքում մշտապես անտեսվում են կնոջ զգացմուքները, ապա ռոմանտիկ
ընթրիքը կամ էրոտիկ ներքնազգեստը չեն կարող իրավիճակը փրկել։ Տարիների
ընթացքում սրտում կուտակված վիրավորանքն ու ցավը թույլ չեն տա խանութ գնալ և
ռոմանտիկ ընթրիքի համար մոմեր ու ներքնազգեստ գնել։ Ի՞նչ իմաստ ունեն
ավելորդ ծախսերը, եթե նա գիտի, որ վերջում նույն հիասթափությունն է
ապրելու։ Այստեղ խնդիրը բոլորովին այլ մակարդակում է։ Ամուսիններից
բողոքները հիմնականում հետևյալ բովանդակությունն են ունենում. «Նա չի
հասկանում, թե ինձ ինչ է պետք, իսկ ես էլ չեմ կարողանում բացատրել, «Նա ինձ
օգտագործում է, ինձ հետ վարվում է այնպես, կարծես ես ապրանք լինեմ, «Ես
ոչինչ չեմ զգում, իսկ նա արդեն վերջացնում ու քնում է։ Այսինքն՝ հենց
զգացմունքների անտեսումն է ամենից շատ վիրավորում ասպետական ռոմանտիկ
ժամանակների այն գեղեցկուհուն, որը միշտ ապրում է յուրաքանչյուր կնոջ
հոգում։ Իհարկե,
մեր ժամանակնեում անիմաստ է փնտել այնպիսի տղամարդկանց, որոնք իրենց սրտի
տիրուհու լուսամուտի տակ սերենադ կերգեն։ ժամանակակից կնոջը պարզապես պետք
է, որ իք զգացմունքները չանտեսվեն։ Երբ
նրա տրամադրությունն ընկած է երբ ինչ-որ տեղը ցավում է, երբ արդեն
չորրորդ օրն անձրև է տեղում, էլ ո՞ւմ պետք է նա բողոքի, եթե ոչ իր
ամուսնուն։ Դա չէ որ շատ բնական է։ Իսկ ամուսինը նրա բողոքի մեջ բնազդաբար
իր մեղավորությունն է տեսնում։ Այն ինչ կնոջը պարզապես պետք է զգալ, որ
ինքը սիրված է, նրան պետք է, որ այդ պահին տղամարդն իրեն պարզապես գրկի,
այլ ոչ թե տրամաբանական բացատրություն տա, որ սովորաբար աշնանն անձրև է
գալիս, և ինքը չի կարող այն դադարեցնել…………………… |