Կապույտ կետը բոլոր
կետանմաններից ամենամեծն է` 33 մետր երկարությամբ և 150 տոննա քաշով: Մեծ
մասամբ տարածված է հարավային կիսագնդի ջրերում:
Գլխի երկարությունը 8 մետր է: Լեզուն կշռում է 3000 կգ: Մեջքին ունի ոչ
մեծ լողակ: Փորը ծալքավոր է: Ունի 360 բեղ, որոնք սև գույնի են, 90 սմ
երկարությամբ:
Աչքերը գտնվում են բերանի անկյուններում: Կապույտ կետը գույները չի
տարբերում: Լավ են զարգացած նրա լսողություն օրգանները, որոնք ընկալում են
նույնիսկ ուլտրա և ինֆրա ձայները: Հոտառությունը վատ է: Շնչանցքը ջրում
եղած ժամանակ ամուր փակվում է: Կապույտ կետը սնվում է խեցգետնակերպերով և
փափկամարմիններով: Օրական ուտում է 1,5-2 տոննա կեր. իսկ ձագին կերակրելու
ժամանակահատվածում` 4-5 տոննա: Ստամոքսը 3000 լիտր տարողությամբ եռաբաժին 3
մետր երկարությամբ պարկ է: Աղիքների երկարությունը կազմում է 250 մետր:
Լյարդը կշռում է 1000 կգ իսկ ենթաստամոքսային գեղձը` 100 կգ: Կապույտ կետն
ունի 8000 լիտր արյուն և 700 կգ-ոց սիրտ: Երիկամների քաշը 1000 կգ է: Այս
հսկան ունի 14 000 լիտր ծավալով թոքեր: Մեջքի զարկերակի տրամագիծը 30 սմ է:
Շնչանցքը գլխի ետևի մասում է:

Կապույտ կետը ջրի մեջ կարող է մնալ մինչև
30 րոպե: Հիմնականում լողում է ջրի 7-20 մետր խորքերում: Մինչ ջրի երես
դուրս գալը բաց է անում շնչանցքը և որոշ քանակությամբ ջուր լցվում է
շնչափողի մեջ, այնուհետև թոքերից դուրս մղվող օդի ուժեղ ճնշման հետևանքով
այդ ջուրը ցայտում է դուրս: Ցուրտ եղանակին արտաշնչվող օդում եղած ջրային
գոլորշին ևս խտանում և առաջացնում 15 մետր բարձրությամբ շատրվան, որը
երևում է 10 կմ հեռավորությունից: Այդ շատրվանից փչում է անախորժ հոտ:
Արտաշնչման ժամանակ առաջանում է ուժեղ սուլոց հիշեցնող ձայն: Կապույտ կետը
ձայնալարեր չունի: Կետի գլխուղեղը կշռում է 7 կգ: Աճման շրջանը համարվում է 5-6 տարեկան հասակը: Նրանք ապրում են 36-40 տարի:
Կապույտ կետի պոչը հանդիսանում է գլխավոր շարժիչ օրգանը: Ջրային կյանքին
նպաստում են ենթամաշկային 50 սմ-ոց ճարպաշերտը, իլիկաձև մարմինը, ճարպով
հագեցած սպունգանման ոսկորները և օդով լցված հսկա թոքերը: Կետը` ի
տարբերություն ցամաքային կենդանիների, քիչ էներգիա է ծախսում տեղափոխվելու
համար: Ամենախոշոր կետի մարմնի խտությունը հավասար է ջրի խտությանը: Կետերն
ունեն հզոր ուժ: Ջրի տակ, 28 կմ/ժամ արագությամբ շարժվելու համար ծախսվում
է 168 ձիու ուժ:
Կապույտ կետերի բազմացումը.
Կապույտ կետերը բազմանում են հասարակածային տաք ջրերում: Էգերը
ծննդաբերում են 2-3 տարին մեկ անգամ ունենալով հիմնականում 1 ձագ` 6-8 մետր
երկարությամբ և 3 տոննա քաշով: Կետը ծնվում է ջրի մեջ և միանգամայն
զարգացած վիճակում: Կապույտ կետի կաթնագեղձերը գտնվում են մաշկային հատուկ
գրպանիկներում: Ձագը դունչը մտցնում է գրպանիկի մեջ և խմում կաթը: Ձագը
կաթով սնվում է մինչև 7 ամսեկան հասակը: Կապույտ կետը օրական արտադրում է
300 լիտր` 40 տոկոս յուղայնությամբ սննդարար կաթ: 7 ամիս հետո ձագն
ունենում է 17 մետր երկարություն; Նա օրվա ընթացքում 100 կգ աճ է ունենում:
6 ամսական ձագի քաշը լինում է 18 տոննա: |