Սրանք ատամնավոր կետանմաններ
են: Արուների երկարությունը հասնում է 20 մետրի, իսկ էգերինը` մի քիչ պակաս:
Կենդանական աշխարհում կաշալոտները ունեն ամենամեծ գլուխը: Գլխի երկարությունը
կազմում է ամբողջ մարմնի 1/3-ը` մոտ 6 մետր: Ստորին ծնոտը համեմատաբար փոքր է և
սրածայր, որի վրա դասավորված են 57 կոնաձև ատամներ: Իսկ վերին ծնոտի ատամները
զարգացած չեն և գտնվում են անցումային շրջանում: Ծերանալու հետ կաշալոտի ատամները
թուլանում են և սկսում շարժվել: Կաշալոտի վերին ծնոտն ու քիթը իրար միանալով
կազմել են մի հսկայական դունչ, որի ձախ կողմում
<S> տառի տեսքով գտնվում է քթանցքը: Ահա դա է պատճառը, որ
արտաշնչելիս առաջանում է միակողմանի, դեպի առաջ խոյացող` 45 աստիճան թեքությամբ
շատրվան: Կաշալոտի դունչը այդպիսի մեծության է հասել երկարատև պատմական զարգացման
ու ջրի խորը շերտերում սնունդ ձեռք բերելու հետևանքով: Նրա դունչը ծառայում է նաև
որպես հավասարակշռության օրգան:
Կաշալոտի կրծքի լողաթիակների երկարությունը
հասնում է մինչև 2 մետրի, իսկ լայնությունը` 1 մետրի: Լեզուն միահյուսված է ստորին
ծնոտին: Ստամոքսը բաժանված է 4 մասի: Աղիքների ընդհանուր երկարությունը հասնում է
270 մետրի:
Կետանմանների մեջ կաշալոտը ամենադանդաղաշարժն
է` ժամում 8 կմ արագություն: Սակայն դրա փոխարեն կարողանում է սուզվել ջրի խորը
շերտերը` մինչև 1000 մետր, և այնտեղ սնվել փափկամորթներով, մասամբ նաև պաշտպանվել
վտանգի դեպքում: Նա ջրի տակ կարողանում է մնալ մոտ 1,5 ժամ: Կաշալոտը շշաքթի
նման շնչառության մեկ փուլի ընթացքում
թարմացնում է թոքերի օդի մոտ 80%-ը, այնինչ մարդու մոտ դա կազմում է15%:
Կաշալոտները բնազդով իրար հետ խիստ կապված են և
շրջում են 50-100-ի հասնող խմբերով: Մեկի վիրավորվելու դեպքում դնչով հրելով
հեռացնում են վտանգից: Իրար նկատմամբ այդքան հոգատար կենդանիները բազմացման
շրջանում դառնում են դաժան ու կատաղի: Արուները մենամարտում են միմյանց հետ ու
հաղթողը միայն իրավունք ունի զուգավորվելու տվյալ խմբի էգերի հետ: Լինում են
դեպքեր, երբ մեկ արուն ունենում է 15-20 էգ: Կետորսները նրանց անվանում են
<հարեմավոր> կետեր:
Այս կենդանիները սովորաբար լողում են
համաշխարհային օվկիանոսի 40 աստիճան զուգահեռականների սահմաններում: Եղել են
դեպքեր, երբ Ճապոնիայն մոտ վիրավորված կաշալոտին որսացել են Չիլլի ափերում:
Կաշալոտները մյուս կետանմանների նման արագ կանխազգում են եղանակի փոփոխությունը և
ուժեղ փոթորիկների դեպքում հեռանում առավել հանգիստ վայրեր: Նրանք սիրում են
ցատկոտել` ջրում ծախսելով ավելորդ էներգիան: Սատկելուց հետո ջրում չեն սուզվում,
այլ շրջվում են կողքի: |