Ատամնավոր կետանմաններից
է Խոյադելֆինը` ծովային ամենագիշատիչ կենդանին... Արու խոյադելֆինի
երկարությունը հասնում է մինչև 10 մետրի, իսկ քաշը` 8 տոննայի: խոյադելֆինի
մեջքին կա 160-170 սմ` գերանդու նմանվող լողակ, որն օգնում է նրան
հեշտությամբ ճեղքել ջուրը և շարժվել շատ արագ: Ինչպես բոլոր կետանմանների,
այդպես էլ խոյադելֆինի լողակները օժտված են հետաքրքիր առանձնահատկությամբ`
նրանք հարուստ են արյունատար անոթներով և կատարում են ջերմակարգավորիչի
դեր: Արագ ընթացքի դեպքում արյան հոսքը արագանում է, և լողաթիակը
կարծրանում է, իսկ դանդաղ ընթացքի ժամանակ այն փափկում է:

Խոյադելֆինի մաշկը սև է` տեղ-տեղ սպիտակ
զոլերով, որոնք նրան տալիս է յուրահատուկ գեղեցիկ տեսք: Ծնոտներն ունեն 52
սուր ատամներ, որոնցով նա խժռում է զանազան ծովային կենդանինոր, այդ թվում
փոկեր, ծովացուլեր: Այս կենդանին դաժան ու հանդուգն է բոլոր ծովային
կենդանիներից: խոյադելֆինները շրջում են խմբերով, ամեն կողմից շրջապատում
իրենց զոհին և միաժամանակ հարձակվելով խժռում նրան: Այս կենդանիները նաև
որկրամոլ են, պատահել են դեպքեր, երբ խոյադելֆինը այնքան է խժռել, որ
խեղդվել է ու սատկել: Այդպիսի մի 6,5 մետր երկարությամբ խոյադելֆինի
ստամոքսից հանել են 13 դելֆին և 14 ծովակատու` ընդհանուր 1500կգ քաշով:
Խոյադելֆիններն այնքան անվախ են ու կատաղի, որ առանց տատանվելու հարձակվում
են իրենցից մի քանի անգամ մեծ կետի վրա ու հոշոտում նրան, պոկելով մարմնից
տարբեր կտորներ: Այն ծովերում, որտեղ կան այս կենդանիները, մարդիկ
վախենում են նավակներով ծով դուրս գալ: Խոյադելֆինները վախենում են միայն
ծանծաղուտներից և չեն մոտենում ափին: Ծովային բոլոր կենդանիները հեռվից
տեսնելով նրանց, սարսափով իրենց նետում են ծանծաղուտները: Հեշտ չէ
խոյադելֆինի որսը, քանի որ նրանք արագաշարժ են` ժամում 55 կմ արագություն
են զարգացնում, հաճախ են փոխում ուղղությունը, շատ հեռվից զգում են վտանգը և
ամեն տեսակի գնդակով ու որսատեգով հնարավոր չէ սպանել նրանց: Այդքան կատաղի ու սարսափազդու կենդանուն մարդը կարողացել է հնազանդեցնել ու դարձնել ջրային կրկեսի լավագույն դերասան... |